ԳԱՂԹԻՑ ԳԱՂԹ` Վաւերագրական ֆիլմ Ազատ Մաթեանի մասին

Իրանահայ մտաւորականների, գրողների եւ արւեստագէտների մասին վաւերագրական ֆիլմ համարեա գոյութիւն չունի: Մենք չունենք մեր մշակութային կեանքում աչքառու դեր կատարած եւ ազդեցութիւն գործած մարդկանց պատկերները եւ նոյնիսկ նրանց ձայներիզները: Դա իհարկէ, ափսոսալի է: Ահա Ազատ Մաթեանի մասին նկարահանւած  «Գաղթից գաղթ» վաւերագրական ֆիլմը գալիս է լրացնելու այս բացը: «Գաղթից գաղթ»-ը կարելի է դիտել օնլայն (ինտերնետի վրայ) հետեւեալ հասցէում.

http://imvbox.com/watch/dar-faseleye-do-kooch

imvbox.com-ը իրանական պատումային, կարճամետրաժ եւ վաւերագրական ֆիլմերի հարուստ հաւաքածոյ պարունակող կայք է, ուր կարելի  է դիտել նաեւ իրանական սինեմայի այլ արժէքաւոր գործեր: «Գաղթից գաղթ» ֆիլմի հեղինակն է Ռոբերտ Սաֆարեանը:

Ֆիլմում իրանահայ անւանի բանաստեղծ, թարգմանիչ եւ հասարակական գործիչ` Ա. Մաթեանը պատմել է իր կեանքի մասին: Նա խօսել է իր գործունէութեան իւրաքանչիւր բնագաւառի մասին, այդ թւում իր բանաստեղծութիւնների երեք հաւաքածոների, «Ամերիկացի փեսացու» երգիծական թատերգութեան, Հաֆեզի եւ Խայեամի հայերէն թարգմանութիւնների, «Մատեան ողբերգութեան» գրքի պարսկերէն թարգմանութեան եւ Ծատուրօղլի անւան ներքոյ «Յոյս» երկշաբաթաթերթում հրատարակւած իր բանաստեղծութիւնների մասին: Նա խօսել է նաեւ իր հասարակական եւ քաղաքական կեանքի եւ տեսակէտների մասին, որոնք, ինչ խօսք, ժամանակի ընթացքին լուրջ փոփոխութիւններ են կրել:

Ֆիլմում Մաթեանը խօսում է հայերէն, սակայն նրա խօսքերի թարգմանութիւնը կարելի է կարդալ պատկերի ներքեւում, իսկ հեղինակային խօսքը եւ բացատրութիւնները պարսկերէնով են: Դրանով ֆիլմը նպատակ ունի իրանահայ կարեւորագոյն մտաւորականներից մէկին ներկայացնել Իրանի պարսիկ հասարակութեանը:

«Գաղթից գաղթ» ֆիլմի ընթացքում լսում ենք հատւածներ Մաթեամի բանաստեղծութիւններից, այդ թւում նրա եղբօր` Մասիսի ողբալի մահւան մասին գրւած նրա «Ես եւ ցաւը» հոյակապ գործը: Յիշեցնենք, որ նրա եղբայր եւ գաղափարակից Մասիսը զոհ գնաց ۲۰۰۹ թւականի ամռանը Թեհրան-Երեւան թռիչքի կործանման աղէտալի դէպքում: Ֆիլմում ներառւած են օդանաւի խորտակման վայրից պատկերներ, որոնց վրայ լսւում է Մաթեանի ձայնը իր բանաստեղծութիւնը արտասանելիս:

 

Be the first to reply

دیدگاهتان را بنویسید

نشانی ایمیل شما منتشر نخواهد شد. بخش‌های موردنیاز علامت‌گذاری شده‌اند *